Հիշենք մի քանի իմաստուն մտքեր Վազգեն Ա երջանկահիշատակ Ամենայն Հայոց կաթողիկոսից, որոնք հաստատ մտորելու առիթ կտան ցանկացած մարդու, ով ունակ է մտածելու, վերլուծելու և հասկանալու։
• Բացիր Աչքերդ, Հայ Ժողովուրդ։
• Հոգին նման է էլեկտրական լամպի, որի մեջ եթե հոսանք լինի, լույս կտա։
• Հնարավոր չէ լինել քրիստոնյա՝ «ըստ սովորության», «ըստ ավանդության» ու այդպիսով եկեղեցին վերածել արհեստական իրականության։
• Մի մերժեք Աստծո առաջ խոնարհվելը, հակառակ դեպքում ստիպված կլինեք մարդկանց առաջ խոնարհվել։
• Անհավատ դառնալ, հաճախ նշանակում է խորամուխ լինել Աստծո որոնումների մեջ։ Տարակուսանքը երբեմն հրաշքներ է գործում ինչպես Դամասկոսի ճանապարհին։
• Կրոնական բուն զգացումը որպես ապրում, իր խորքում ազգային բնույթ չունի։ Սակայն իր պատմական կազմավորման, զարգացման ու դրսևորման մեջ, այո, որոշակի մի ժողովրդի հոգեվիճակի ուրույն ձևն է ստանում, կրելով իր վրա ժողովրդի հոգևոր ու պատմական զարգացման հատուկ կնիքը։
• Երանի այն երիտասարդներին, որոնք գիտեն` ի՛նչ կարդալ, ե՛րբ կարդալ և ինչքա՛ն կարդալ:
• Աստծուն փնտրելու ճանապարհին ես գտա Ս․ Էջմիածինն ու իմ Հայրենիքը և խոնարհվեցի ճակատագրի առաջ։
***
Այսօր Ամենայն Հայոց 130-րդ Կաթողիկոս Վազգեն Առաջինի ծննդյան օրն է։
Վեհափառ հայրապետը եղել և այժմ էլ շարունակում է մնալ հայ ժողովրդի համար սիրելի և ընդունելի կերպար, ով բազմիցս աչքի է ընկել իր հայանպաստ գործունեությամբ: Նրա շնորհիվ են փրկվել ու Երևանի Մատենադարանին հանձնվել Վեհափառի և Վեհամոր անուններով կնքված երկու Ավետարանները, Թորոս Ռոսլինի ծաղկած Զեյթունի Ավետարանը և Մալաթիայի Ավետարանը, Թովմա Արծրունու «Պատմություն Արծրունյաց տան» աշխատության պահպանված միակ ձեռագիր օրինակը և բազմաթիվ այլ ձեռագրեր ու արժեքավոր վավերագրեր:
Վազգեն Առաջին կաթողիկոսը մեծ ներդրում ունի Արցախի հարցում։
Վերջինս 1988 թվականին դիմել է ԽՄԿԿ գլխավոր քարտուղար Մ.Գորբաչովին՝ Արցախը Հայաստանին վերամիավորելու հարցով և բացի սա Արցախյան շարժման ընթացքում խորհրդային և միջազգային ամենաբարձր ատյաններում լսելի է դարձրել արցախահայության ձայնը:
Կաթողիկոսն իր Հայրապետական առանձին տնօրինությամբ վերահաստատել է Հայ եկեղեցու Արցախի թեմը և ձեռնարկել Արցախի մի շարք եկեղեցիների ու վանքերի վերաբացումն ու վերանորոգումը: Բացի սա, առհասարակ նա ծավալել է եկեղեցաշինարարական, վերականգնողական մեծ աշխատանք՝ վերանորոգելով Մայր տաճարը, Էջմիածնի Սբ. Հռիփսիմե, Սբ. Գայանե, Սբ. Շողակաթ վանքերը, Գեղարդավանքը, Խոր վիրապի վանքը, Օշականի Սբ. Մեսրոպ Մաշտոց, Երևանի Սբ. Սարգիս, Սբ. Զորավոր և մի շարք այլ եկեղեցիներ։
Վազգեն Ա կաթողիկոսն ապրել և գործունեություն է ծավալել միայն՝ հանուն հայրենիքի սկզբունքով, և պատահական չէ, որ հաճախ է հնչեցրել, որ հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:
Վախճանվել է 1994 թ. օգոստոսի 18-ին:
Պարգևատրվել է ԽՍՀՄ Ժողովուրդների բարեկամության, Պատվո նշան, Ռումինիայի Հանրապետության աստղ շքանշաններով, Խաղաղության համաշխարհային խորհրդի Ժոլիո-Կյուրիի անվ. և Խաղաղության պաշտպանության խորհրդային կոմիտեի ոսկե մեդալներով։
Վազգեն Ա-ի անունով են կոչվում Վանաձորի թ. 1 միջնակարգ դպրոցը և Սևանի հոգևոր դպրանոցը։
1994-ին նրան շնորհվել է ՀՀ ազգային հերոսի կոչում: Պարգևատրվել է ՀՀ բարձրագույն Հայրենիքի շքանշանով:
Գայանե ՊՈՂՈՍՅԱՆԻ ՖԲ էջից